Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Հաստատվեց բժշկական կրթության նոր մոդել

Անցած ուսումնական տարվա վերջին` հուլիսին կայացած գիտական խորհրդի հերթական նիստում, մինչ օրակարգին անցնելը, մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին բուհի նախկին ռեկտոր, ճանաչված սրտաբան Ռաֆայել Ստամբոլցյանի հիշատակը:

 

Օրակարգով նախատեսված էր տարբեր մակարդակներում կարծիքների բախման առարկա հանդիսացող մի հարցի` ինտեգրացված նախադիպլոմային կրթական մոդելի քննարկումը:

 

Ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը փաստեց, որ ինտեգրացված մագիստրատուրայի` 4+2, 4+1 սխեմայի մասին բավական երկար ժամանակ ընթացող քննարկումներն առկա խնդիրների թելադրանքով են:

 

«ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ հանդիպման ժամանակ մենք մեր շատ հարցերի պատասխաններն ստացանք: Այսօր դա մեզ կօգնի ընդունել որոշումներ, որոնք մեր աշխատանքն անխափան կդարձնեն 2012-13 ուստարվանից»,- ասաց նա, ապա անդրադարձ կատարեց 1999-ին եվրոպական մի շարք երկրների կողմից ստորագրված Բոլոնիայի հռչակագրով եվրոպական կրթական տարածք ստեղծելու խնդրին: 2004-ին Հայաստանը ևս միացավ այն 7 երկրների թվին, որտեղ երկաստիճան կրթական համակարգը ներդրվել էր նաև բժշկական բարձրագույն կրթության ոլորտում: Սա նշանակում էր, որ ՀՀ բժշկական կրթության ամբողջ համակարգը պետք է համահունչ դարձվեր եվրոպական կրթության պահանջներին: 2005-ին ՀՀ-ում ընդունված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը, որ սահմանում է բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան համակարգ` բակալավրի և մագիստրոսի որակավորումներով, բխում է հենց այդ պահանջներից:

 

Բժշկական մասնագիտությունների կրթական ծրագրերի ուսման տևողությունը բժշկագիտության բակալավրի որակավորում ստանալու համար սահմանվեց առնվազն 5 տարի, իսկ մագիստրոսի որակավորում ստանալու համար` առնվազն 1 և մինչև 4 տարի: Սակայն պետք է նշել, որ բժշկական կրթության առանձնահատկություններով պայմանավորված` ի սկզբանե բժշկական կրթությունը և Բոլոնիայի գործընթացը դժվարությամբ էին համադրվում: Այդ իսկ պատճառով եվրոպական բժշկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2005-06թթ. «Բոլոնիայի գործընթացի իրագործումը բժշկական կրթության մեջ» նախագծի շրջանակներում եվրոպական մի շարք երկրներում հետազոտվեց այդ գործընթացի ներդրումը բժշկական կրթության ոլորտում: Անցկացված ուսումնասիրությունների ավարտին հետազոտողները եզրակացրեցին, որ Բոլոնիայի գործընթացով բժշկության ոլորտում նախատեսված` 3 տարում 180 կրեդիտ բակալավրի և հաջորդող 2 տարում 120 կրեդիտ` մագիստրոսի կոչման համար ծրագրերի ավելի խոր քննարկումների անհրաժեշտություն կա: Անգամ փաստվեց, որ բժշկական կրթության ոլորտում հնարավոր է, որ նույն արդյունքները չապահովվեն` ինչ մնացած ոլորտներում, հետևաբար որոշվեց մանրամասն մշտադիտարկում անցկացնել: Ներկայացնելով որոշ երկրների բժշկական կրթության ոլորտում առկա նույնանման մոդելները` Ս. Ավետիսյանը նշեց` առանց կլինիկական պրակտիկայի բժշկական բուհի համար կարելի է դասախոսներ պատրաստել ոչ կլինիկական առարկաների գծով, իսկ կլինիկական ուղղվածության մասնագետ դառնալու համար անհրաժեշտ է ավարտել օրդինատուրան և ստանալ համապատասխան վկայական: Այս մոտեցումը մեզ համար ընդունելի է, ինչի վառ ապացույցը 1 տարի առաջ բացված հանրային առողջության ֆակուլտետն է և մեր կողմից մշակված մոդելը Եվրոպայում բժշկական աստիճանների և որակավորումների ճանաչման վերաբերյալ Եվրամիության վերջին հրահանգով բժշկական կրթության ծրագրերը պետք է կազմեն 5500 ժամ և ունենան վեցամյա տևողություն: Այդ պատճառով շատ երկրներում ինտեգրված ուսումնական ծրագրերը պահպանվել են և կազմում են 360-420 կրեդիտ: Սա ենթադրում է, որ բժիշկ աշխատելու համար անհրաժեշտ է հետբուհական լրացուցիչ մասնագիտացում: Միաժամանակ` ոչ մի երկիր չի կարող բժշկական կրթության ծրագրի տևողութունը 6 տարվանից պակաս սահմանել: ՀՀ-ում բժշկական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների առաջատար ԵՊԲՀ-ում 2006-ից բոլոր ֆակուլտետներում կրթությունը դարձել է երկաստիճան` բակալավրիատ և մագիստրատուրա: ՀՀ կառավարության որոշմամբ անցյալ տարի կատարված փոփոխություններով բակալավրիատն ավարտելիս, ըստ համապատասխան ֆակուլտետների, շնորհվում են բժշկագիտության, ստոմատոլոգիայի և դեղագիտության բակալավրի աստիճաններ, իսկ մագիստրատուրան ավարտողներին` բժիշկ, բժիշկ-ստոմատոլոգ, բժշագիտության մագիստրոս` հանրային առողջության ֆակուլտետի շրջանավարտների համար և դեղագիտության մագիստրոս որակավորումներ:

 

Ռեկտորի պաշտոնակատարը նաև նշեց, որ բացի մյուս հիմնավորումներից, բակալավրիատում և մագիստրատուրայում դասավանդվող համանուն առարկաների ծրագրերի անարդյունավետ կրկնություններից խուսափելու հիմնական միջոցը նախադիպլոմային կրթության տևողության կրճատումն է:

 

«Այդ մեկ տարին կարող ենք օգտագործել մեզ համար խիստ կարևոր մասնագիտական հետդիպլոմային կրթության սկզբնական փուլում: Այս դեպքում հետդիպլոմային կրթությունը ևս կդասավանդվի երկաստիճան համակարգով: Յուրաքանչյուր կլինիկական օրդինատոր, անկախ ընտրած մասնագիտությունից, առաջին մեկ տարում կուսումնասիրի մասնագիտական հիմնական առարկաները, որի հիմքի վրա կշարունակի նեղ մասնասգիտացումը: Այս մոդելը հնարավորություն կտա ուժեղացնելու նաև մեր կողմից չափազանց կարևորվող գործնական ունակությունների տրամադրումը: Այդ նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ ձեռնամուխ ենք եղել համալասարանական 2 կլինիկաների տարածքում գործնական ունակությունների համալսարանական կենտրոնի ստեղծմանը: Այդտեղ նախադիպլոմային փուլում սովորող ուսանողները ինչպես դասաժամերին, այնպես էլ` հետո, գործնական ունակություններ ձեռք կբերեն ժամանակակից սարքավորումների միջոցով: Այդպես մեզ կհաջողվի տարանջատել նախա- և հետդիպլոմային մակարդակներում գործնական աշխատանքի օբյեկտը:

 

Ելնելով վերոնշյալից առաջարկվեց 2012-13 ուսումնական տարվա աշնանային կիսամյակից այս տարվա առաջին կուրսից բոլոր ֆակուլտետներում նախադիպլոմային կրթության տևողության հետևյալ փոփոխությունները.

 

  • ընդհանուր բժշկության ֆակուլտետ

բակալավրիատ` 4 տարի,

մագիստրատուրա` 2 տարի,

 

  • ստոմատոլոգիական ֆակուլտետ

բակալարիատ` 4 տարի,

մագիստրատուրա` 1 տարի,

 

  • դեղագիտական ֆակուլտետ

բակալավրիատ` 4 տարի,

մագիստրատուրա` 1 տարի:

 

Մնացած կուրսերում ուսումնական գործընթացը կշարունակվի առանց փոփոխությունների: Առաջարկվող մոդելով կրթությունը դառնում է անընդհատ, և շրջանավարտները ազգային բանակ կզորակոչվեն համալսարանն ավարտելուց հետո միայն:

 

Այս մոդելի կիրառումն ինքնին նշանակում է վերանայել ուսումնական պլանները, որոնց հաստատումից հետո պետք է կազմվեն առարկայական ծրագրերը և ձևակերպվեն չափորոշիչները: Ամբիոնները ցիկլային մեթոդական հանձնաժողովների հետ կկազմեն այդ ծրագրերը, իսկ ուսումնամեթոդական վարչությունը կհսկի դրանց իրագործումը: Նախկին չափորոշիչները կգործեն միայն 2-րդ և բարձր կուրսերի ուսանողների համար:

 

Ամառային քննաշրջանում հիմնական մասնագիտական առարկաների քննության կազմակերպման հարցի առնչությամբ նշվեց, որ կենտրոնական մեթոդական հանձնաժողովը որոշել է այն անցկացանել բանավոր` առաջարկելով հետևյալ տարբերակը` ամբողջ տարվա ընթացքում ուսանողը առարկայից ծրագրով նախատեսված բոլոր հարցումները հանձնում է գրավոր, որոնք ապագայում կանցկացվեն համակարգչային տարբերակով, որոնցից ձևավորվում է տարեկան գնահատականը: Առարկայի վերջնական գնահատականը ձևավորվում է տարեկան գնահատականի և բանավոր քննության գնահատականի թվաբանական միջինն ամբողջացնելով: Նշվեց նաև, որ պետական ատեստավորման վերաբերյալ որևէ փոփոխություն չի նախատեսվում` առաջարկելով մեկով պակասեցնել քննական տոմսերում հարցերի քանակը:

 

Քննարկումների արդյունքում առաջարկվեց բարձրագույն բժշկական կրթության հետևյալ համակարգը`

 

  • 1-ին աստիճան` բակալավր և մագիստրատուրա,

  • 2-րդ աստիճան` սուբօրդինատուրա և կլինիկական օրդինատուրա:

 

Առաջարկն ընդունվեց միաձայն:

 

ԵՊԲՀ-ի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն առաջարկեց եվրոպական երկրների օրինակով համալսարանում ներդնել այնպիսի մի ծրագիր, որով հնարավոր լինի հարբժշկական մասնագետներ պատրաստել:

 

Համալսարանի գիտական խորհուրդը, լսելով և քննարկելով ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Ս. Ավետիսյանի` «Նախադիպլոմային կրթական մոդելի քննարկում» թեմայով զեկուցումը, որոշեց հանձնարարել` 

 

  • ցիկլային մեթոդական հանձնաժողովների նախագահներին, ամբիոնների վարիչներին` համալսարանի ուսումնամեթոդական վարչություն ներկայացնել գրավոր կարծիքներ, առաջարկություններ, դիտողություններ` ինտեգրված ուսուցման առաջարկվող մոդելի և նոր ուսումնական պլանների վերաբերյալ: 

  • Հանձնարարվեց համալսարանի իրավաբանական բաժնին մշակել և հաստատման ներկայացնել առաջին կուրսի ուսանողների հետ կնքվող պայմանագրի նոր ձևը` ըստ ինտեգրված ուսուցման մոդելի:

  • Ցիկլային մեթոդական հանձնաժողովների նախագահներին, ամբիոնների վարիչներին հանձնարարվեց համալսարանի ուսումնամեթոդական վարչություն ներկայացնել մագիստրատուրայի առաջին կուրսի ամառային քննաշրջանում հիմնական մասնագիտական առարկաներից բանավոր քննություն անցկացնելու ձևի և բովանդակության վերաբերյալ մոտեցումներ ու առաջարկություններ:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ